ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վազգեն Առաքելյանի շիրազաբույր ասքապատումը

Վազգեն Առաքելյանի  շիրազաբույր ասքապատումը
19.12.2014 | 12:15

Հայոց եղեռնի Վրիժառու Բանաստեղծը դառնում է հարյուր տարեկան։ Հարյուրամյա լեգենդ, որ ժամանակների անվախճան հոլովույթում էպոսածին հերոսի է նմանվելու, առաջնորդելու է իր ժողովրդին՝ որպես սրամերկ Նեմեսիս։ Նեմեսիս՝ Հովհաննես Շիրազ հավերժախոս անունով։
Եվ ահա Լեգենդի մոնումենտալ «ես»-ը քանդակող գրական գեղաշուք մի գործ՝ Վազգեն Առաքելյան գեղագետ-բանաստեղծի «Շիրազ Նամե»՝ մեզանում աննախադեպ չափածո վեպը՝ վերահրատարակված, լիարյուն շնչառությամբ։ ՈՒ նաև՝ զարմանահարույց։ Այո, զարմանահարույց. պաշտամունքի հասնող նվիրումի ինչպիսի՜ ահռելի պաշար, շուրջ կեսդարյա ինչպիսի՜ «սևեռում» Արարատ լեռան քուրմի հանդեպ, որպեսզի կարեվեր տքնանքով ու անթաքույց տաղանդի ուժով իր հոգու պարտքը հատուցաներ Մոգպետին` իր ձեռքը բռնած ուսուցչին։ Եվ հատուցել է լիուլի։
«…1956 թվականին, ես՝ տասնհինգամյա տղա, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղից, բանաստեղծություններիս ձեռագիր տետրը ծոցիս մեջ, հայտնվեցի Հովհաննես Շիրազի տան շեմին։ Ինձ ընդունեց, և ես շիկնելով ու քրտնելով սկսեցի կարդալ իմ թոթովանքները… Լսեց իմ գրվածքները, վերցրեց տետրս և իր գրչով ուղղումներ արավ, խորհուրդ տվեց, որ շատ կարդամ. «Բնականը, մայրատուն կա, պըդի հղկես, որ քեզ գտնես, գտնես այն, ինչ որ թափառում է աներևույթ, գտնես միայն քո խոսքը, քո պատկերը, քո ձայնը…», գրքի նախաբան խոսքում վերհիշում է հեղինակը և շեշտում, թե ինչպես է տասնամյակներ շարունակ «քաղել, օրագրել» նրա յուրաքանչյուր խոսքը, անսպառելի, հորդող բանավոր բառուբանը։ «Օրագրել» է ու այնպե՜ս է օրագրել, որ ընթերցողին կարող է թվալ, թե այն օրերի պատանի բանաստեղծը ի սկզբանե առաքելություն էր ստանձնել, որ հենց ինքն է կերտելու շիրազյան փառահեղ ասքապատումը։ Իսկ ասքապատումն ակունքվում է ակնածալից խոնարհումով.
Պիտի երգեմ քո ողջ կյանքը,
Որ չափածո վիպասանեմ, աշխարհ հանեմ «ՇիրազՆամիս»,
Քո քնարի աշակերտն եմ, այդ շնորհը թե ինձ կամիս…
Շիրազի առասպելական կերպարի նախանյութ-շաղախում «բոստանի աստված» Թադևոսի հարկի տակ լույս աշխարհ եկած ապագա հանճարի մանկությունն է, հետո, էջ առ էջ՝ խռովահույզ ու փոթորկուն մի ողջ կյանք, որը միահյուսվելու էր իր ժողովրդի ճակատագրին։ Միահյուսվելու էր նաև էպիկական այս շքեղ պոեմով, քանզի Վազգեն Առաքելյանը թերթ առ թերթ բացում - բացահայտում է Պառնասում հանգրվանած «պոեզիայի Առյուծի» ոգեղեն ողջ գանձարանը, նրա մարդկային կերպն ու նկարագիրը, վիշտն ու արցունքը, իմաստնության և իմացության անպարագիծ ընդգրկումները, անհավանական թվացող հիշողության ամբարումները, մարգարեական բնութագրումները՝ հայ ու համաշխարհային մշակույթի տիտանների առնչությամբ։ Պարզապես անհնարին է չսքանչանալ հատկապես Շեքսպիրին «բերանացի» արած շիրազյան մեկնումներով.
…Շեքսպիրի մոտ բոլորս ենք թերուս,
Աշկերտ ենք թոթով, աստառ ենք մթան,
-Արի «հոտոտենք» այս գործն էլի հույժ,
Որ «Անտոնիոսն է ու Կլեոպատրան…»։
Եվ այսպես՝ հանճարեղ անգլիացու գրական ողջ ժառանգությունը՝ ողբերգություններից, կոմեդիաներից մինչև սոնետներ։
Որքա՜ն զորեղ պիտի լիներ Առաքելյան բանաստեղծի մտահավաք ոսպնյակը, որ այդ ահռելի մտահրաբխային ժայթքումները ծալվեծալ ամփոփեր իր մեջ, Նարեկորդուն անցկացներ իր սրտի քուրայով, հավատարիմ մնար նրա խրատօսյաթներին, թե՝ «ներշնչանքներդ խմիր հանճարների ակից, ուր հորդ զարկում են երակներ բանի, որ գտնես քեզի… չգաս իմ հետքից»։
«Շիրազ Նամե»-ի յուրաքանչյուր երգաբաժին մայրենիի ադամանդափայլ շքեղությամբ է մտերմանում ընթերցողին՝ նրան տանելով իր՝ հեղինակի, սրբատաշ ու խորանաշար հանգրվաններով։ Իսկ այդ հանգրվաններն առլեցուն են տաք շնչառությամբ, վիպասքի միակ հերոսի հանդեպ խելահեղ սիրով, նրա ստեղծագործական խոյանքների, արծվաթռիչ սլացքների բիբլիական ոգորումներով ու մեկնություններով.
Ես արձագանքն եմ երեկվա, վաղվա,
Կոսմիկականն եմ՝ հողի երեսին,
Իմ ժողովրդի հույս հավատն եղա՝
Պարզված աշխարհի պղտորված լույսին։
Սա, անշուշտ, Շիրազն է, բայց՝ Վազգեն Առաքելյան քանքարավոր բանաստեղծի հոգենյութից հյուսված։ Եվ այսպիսի հյուսվածքների հեղեղ է հոսում չորս հարյուր էջ կազմող գրքի գրեթե բոլոր թերթերից։ ՈՒստի ակամայից գալիս ես այն համոզման, որ «խելագար հանճարի» սնարին գիշերներ լուսացրած, այն ժամանակներում տակավին պատանի բանաստեղծը, հենց իր ուսուցչից է ներշնչվել, «թաթախվել» նրա ծփացող տաղանդի լուսեղեն ջրերում, ականջին «օղ արել» «վայրենի ու խոլ» հանճարի մարգարեացում հորդորները.
Աշխարհում այնքա՜ն մեծեր են ապրել…
Ըմբոշխնիր հատ-հատ, որ իմացության
Արվեստը փնջես մտքիդ ձեռներում,
Ըշտը, ձագուկս, ինչըղ օր մթան
Քուլան է հանգչում հեռու լեռներում։
Եվ այսպես՝ օրեր, ամիսներ, տարիներ, տասնամյակներ անընդմեջ՝ «գոց բերանացի» ասվող մտքեր, խտացումներ՝ օրագրված ծով նյութ «խոսք ու զրույցի», որոնցով սնվել, հասակ է առել այսօր արդեն իրապես շենշող բանաստեղծը՝ Վազգեն Առաքելյանը։ Սնվել ու լույս աշխարհ է բերել իր գլուխգործոց գրքերի գիրքը՝ շիրազյան հանճարին բնորոշ զորեղ ու ռիթմիկ զարկերակներով։ Այդ զարկերակներում բաբախում են «դանթեական հանճարի» քնարի բոլոր լարերը՝ հայրենապատում, աստվածային մայրերգություն, պոեմներ համամարդկային, յոթնապատում քառյակներ՝ անմաշելի գրական հունձք, որոնց իր ասպետական գրչով անդրադարձել, սքանչացել ու գրականագետի խորաթափանցությամբ քանդակել, մեկնել, ընթերցողին է մատուցանում «Շիրազ Նամե»-ի «բազե հավքից փետուր պոկած» հեղինակը։
Առանձնակի հիացումով ես ողողվում Քանքարավորի գրական դասերից։ Եթե դու բառուբանի կոչվածներից ես, ապա անկարող ես դրանք անդարձ չպարունակել քո էության «թաքստոցում».
…Բառերդ պըդի մեղեդիք ծորեն,
Երաժշտություն տողերից կաթան,
Հանց աղբյուրները՝ երգեն սարձորեն,
Եվ արտույտները իրենց թևին տան։
Պոետն էլ, ձագս, նկարիչ է մի,
Բառերի վրձնով արարում է գույն։
Վազգեն Առաքելյանի վիպասքը կերտված է հենց այս՝ «վրձնած բառերից» «ծորացող» մեղեդիների միահյուսվածքով, գեղագիտական բարձր ճաշակով ու ոճական անքննելի վարպետությամբ։ Ամբողջացնելով մեր խոսքը, կարծում եմ, մեղանչած կլինենք, եթե հեղինակին փորձենք բնութագրել որպես Շիրազ առասպելի սոսկ կենսագիր, թեև գրքում նա հրաշակերտված է ծննդյան պահից մինչև անմահություն։ Գիրքը շիրազյան աստղասփյուռներով առլեցուն մի երկինք է, որի հորիզոնից հորիզոն անցնելիս ինքդ էլ ես թևավորվում, լցվում աստղուերկնքով և ինքդ էլ եզրահանգում Լյուդվիգ Դուրյանի այն բնութագրմանը, թե «Շիրազն անցնում է Հայոց պատմության միջով կամ հակառակը,- ապա շարունակում.- «Շիրազ Նամեն», իրոք, գեղարվեստական արժեք է, մեր գրականության մեջ նմանատիպ պոեմ ես չեմ հիշում, չկա, այն եզակի է իր տեսակի մեջ»։
Իսկ եթե մի հրաշքով արթնանար ինքը՝ հանճարեղ բանաստեղծը, կարդար «Շիրազ Նամեն», անտարակույս, պիտի կրծքին սեղմեր երբեմնի իր «սանձագուկին» և ասեր. «Ապրես, մանչս, ինձանից հետո գնում ես թռած…»։


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ